չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ

ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ

Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցից:

Սիմոնյանը պարզաբանեց՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել իր գործընկերոջ ծննդյան կապակցությամբ:

«Պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ: Մենք մշտապես խոսում ենք բաց և ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, ու հիմնական խոսակցությունը եղել է անձնական: Հեռախոսազանգը եղել է ծննդյան կապակցությամբ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նաև տեղեկացրեց՝ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ և ենթադրում է՝ Մատվիենկոն նույնպես այնտեղ է լինելու 

«Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը»,- հայտնեց նա:

Հարցին՝ ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում ԱԺ նախագահը, պարզաբանեց՝ IPU-ի (Inter-Parliamentary Union, Միջխորհրդարանական միության) 152-րդ համաժողովին:

«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու: Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա երկու գործընկերոջ հետ»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե ում հետ է հանդիպելու, հայտնեց՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների՝ խորհրդարանների ղեկավարների հետ:

  • Կիսվել: