ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
ԱԺ-ն ընդունեց մարդկանց զանգերը ֆիքսելու,  անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը

ԱԺ-ն ընդունեց մարդկանց զանգերը ֆիքսելու, անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:
 
Այսպիսով, ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
 
Փաթեթով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:
 
Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն՝ թե հեռախոսազանգերի, թե հաղորդագրությունների բովանդակության, այլ պարզապես փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն՝ այս կամ այն համարին:
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկներ ունի կառավարությանը, որոնք կներկայացնի կառավարությանը: Առաջարկները մասնավորապես վերաբերվում են տվյալների ոչնչացմանը: Նա հայտնեց, որ խմբակցությունն առաջին ընթերցմամբ քննարկմանը կողմ քվեարկի: 
 
 

  • Կիսվել: