ԱԺ-ի ճանապարհին տեսած կլինեք Մանե Թանդիլյանի, «Ապրելու երկիր» կուսակցության պաստառների ծավալն ու քանակը, այդքան մեծ ծավալի ու քանակի պաստառներ մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն է ունեցել. Ալեքսանյան
Շատ տարօրինակ է, որ «Ապրելու երկիրն» է խոսել մրցակցային առավելությունների մասին, որովհետև, եթե եկել եք ԱԺ, հենց ճանապարհին տեսած կլինեք Մանե Թանդիլյանի, «Ապրելու երկիր» կուսակցության պաստառների ծավալն ու քանակը, այդքան մեծ ծավալի ու քանակի պաստառներ Հայաստանում նախորդ ընտրություններում մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն է ունեցել։
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով «Ապրելու երկիր» խմբակցության այն պահանջին, որ պետք է Երևանի քաղաքապետի ընտրություններն արտահերթ անցկացվեն, որովհետև հերթական ընտրությունների գնալով գործող իշխանությունը Ավինյանին մրցակցային առավելություն է տալիս՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Խոսելով մրցակցային առավելություններ ստեղծելուց՝ Ալեքսանյանն ասաց. «Այս կոնտեքստում կարծում եմ, եթե մրցակցային առավելությունից խոսելու լինենք, առնվազն «Ապրելու երկրի» ու նրա թեկուզ ոչ դե յուրե առաջնորդ Ռուբեն Վարդանյանի ֆինանսական միջոցները շատ ավելի մեծ մրցակցային առավելություն են ստեղծում, որովհետև իմ տպավորությամբ միլիոնավոր դրամների, եթե ոչ հարյուր-հազարավոր դոլարների արժեքով պաստառները հենց հիմա շատ հստակ քաղաքական բնույթի են ու նախընտրական բնույթի են»:
Իսկ թե կա արդյոք ՔՊ-ի դիրքորոշումը՝ ընտրություններն արտահերթ են անցկացվելու, թե հերթական՝ պատգամավորն ասաց. «Այս առումով, կարծում եմ, իրավաբանների բանավիճելու հարց է, որովհետև ինչպես և բազում օրենքներ մեր երկրում, այդ օրենքը ևս ժամանակին գրվել է այնպես, որ մի քանի անգամ կարդացողը նույնիսկ չի հասկանում, թե այնտեղ ինչ է գրված ու օրինակ՝ այս պարագայում ինչ պետք է լինի»:


