շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
 ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում. «Ժողովուրդ».

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։

Նստաշրջանն անցնելու է հատուկ ընթացակարգով, քանի որ օրակարգում ներառված է ավելի քան 40 խոշոր հարց։ Կառավարությունն ու իշխանական պատգամավորները որոշել են ամառային տապին զուգահեռ բավականին «տաք» օրակարգ բերել խորհրդարան։

Ի՞նչ կա արտահերթի օրակարգում. ամենակարևոր և ուշագրավ հարցերը

Օրակարգային նախագծերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իշխանությունները պատրաստվում են մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել ընտրական, քրեական և տնտեսական ոլորտներում։

1. Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեների մասին օրենքի փոփոխություններ. արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին զրկում են ձայնից

ՔՊ-ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած նախագծով առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներն ու փոփոխությունները։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ մշակված այս նախագծով իշխանությունը ցանկանում է արմատապես փոխել ընտրողների շրջանակը։

183 օրվա ցենզը. Այսուհետ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվան նախորդող 48 օրվա (իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օրվա) դրությամբ, նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Բացառություն կկազմեն միայն այն անձինք, ում բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվելու բերումով (ծառայողական նպատակներով) կամ արտերկրի ԲՈՒՀ-երում ուսանելու հանգամանքով։

Ինչո՞վ է հիմնավորվում. Իշխանությունները հղում են անում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-945 որոշմանը՝ պնդելով, որ քաղաքացիությունը չպետք է լինի միայն ձևական իրավական կապ կամ անձնագիր ունենալ, այլ պետք է արտացոլի իրական կապ պետության հետ։ Ըստ նրանց՝ որոշումների հետևանքները պետք է կրեն նրանք, ովքեր իրապես ապրում են Հայաստանում։

2. ՀՀ դրոշի մասին օրենքի և Քրեական օրենսգրքի փոփոխություններ. Եռագույնը՝ բոլոր գյուղերի ու քաղաքների մուտքերին

Ալեն Սիմոնյանի և Ալխաս Ղազարյանի կողմից առաջարկվում է ուշագրավ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում։

Օրենքի նոր նախագծով սահմանվում է պարտադիր պահանջ. ՀՀ պետական դրոշը մշտապես պետք է բարձրացված լինի յուրաքանչյուր քաղաքային և գյուղական համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ։

Ըստ հեղինակների՝ այսօր բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը կա՛մ ընդհանրապես բացակայում է, կա՛մ գտնվում է ոչ պատշաճ վիճակում։ Այս փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են ստեղծել միասնական պետական խորհրդանշական միջավայր և ուժեղացնել ազգային ինքնագիտակցությունը։

Բացի այդ, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանն ու մի խումբ այլ պատգամավորներ հանդես են եկել Քրեական օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ։

Էլ ի՞նչ կքննարկվի արտահերթին

Երևան քաղաքի և տրանսպորտի հսկայական փաթեթ. Կառավարությունը բերում է Երևանում տեղական ինքնակառավարմանը, ավտոկայանատեղերի վճարներին, աղբահանությանը, ինչպես նաև տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների վարչական վարույթներին վերաբերող մեծածավալ փոփոխություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը և առաջիկա նիստի ընթացքում սպասվող հնարավոր թեժ բախումներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: