կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու հարցը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու հարցը

 Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին:

«Արտաքին հետախուզության ստեղծման հանձնառությունն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառման ծրագրում: Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության կառուցվածքը, ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները»,- ասաց Գրիգորյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը», - նշեց ԱԽ քարտուղարը։

Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա ՀՀ անվտանգության խորհրդի անդամ։

  • Կիսվել: