չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, արվում է, որ Հայաստանում լինի խաղաղություն. ՔՊ-ական նախարար

Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, արվում է, որ Հայաստանում լինի խաղաղություն. ՔՊ-ական նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ագրեսիվ պահվածք դրսևորեց, նրան բարկացրեց հարցը, թե ինչն էր ուրախացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Էրդողանի նվիրած գիրքը գրկելիս:

«Ձեր այդ  մեկնաբանությունն արդեն այնպիսին է, որ հարկ չեմ համարում պատասխանել»,-ասաց նա:

Հարցին՝ Քոչարյանի գիրքը գրկելն է ավելի պատվաբե՞ր, թե՞ Էրդողանի, նա արձագանքեց. «Ձեր հարցի բնույթն այնպիսին է, որ ես ուղղակի նպատակահարմար չեմ համարում պատասխանել: Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, որ Հայաստանն իր հարեւանների հետ դիվանագիտական հաստատություններ չհաստատի՞, հայաստանն իր քաղաքականությամբ թշնամա՞նք ստեղծի:

Այն, ինչ արվում է Հայաստանի կառավարության եւ վարչապետի կողմից, դա արվում է նրա համար, որ ՀՀ-ում լինի  խաղաղություն, տնտեսական բարգավաճում եւ Հայաստանի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվի: Իսկ այն, ինչը դուք եք ենթադրում... այսինքն դուք ի՞նչ եք ուզում»:

Երբ լրագրողն ասաց, որ ուզում են տեսնել արժանապատիվ, ոչ նվաստացուցիչ տեսարաններ, Գեւորգ Պապոյանն ասաց. «Այդ տեսարաններ հայտարարողները կամ այն մարդիկ, որոնք ձեր իղձերն ու ցանկություններն էին իրագործում, այդ քաղաքականության արդյունքում է եղել, որ Հայաստանն այսօր շրջափակված է: Այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, դրա արդյունքում է, որ Հայաստանում ժողովրդավարություն չի եղել, դրա արդյունքում է որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ: Այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ վերջին տարիներին: Երբ նրանք գնում բանակցում էին տարածքները տալու շուրջ, հետո գալիս այստեղ ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում, կամ վճարում էին լրագրողներին, որպեսզի ժողովրդին վայր հայրենասիրություն քարոզեն...»,- ասաց ՔՊ-ականն ու հեռացավ:

  • Կիսվել: