«Այդքան տաղանդ ունենայի, կներկայանայի իմ երգով». Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի դիսկոտեկի մասին
Ծայրահեղ աղքատության 0.6 տոկոս ցուցանիշը 2024 թվականին է վերաբերում, ես վստահ եմ, որ երբ հրապարակվի 2025–ի ցուցանիշը, մենք ունենալու ենք ավելի ցածր ցուցանիշ, քան 0,6%–ն է և դա մոտ է իսպառ վերացմանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախրար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարությունն իր ծրագրում խոստացել էր, որ ծայրահեղ աղքատությունը Հայաստանում իսպառ կվերացնեն։
«Չեմ կարծում, որ զրո լինի, բայց ամեն դեպքում ավելի մոտ կլինի զրոյին, հետևաբար մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու հարցում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ իրենք խոստացել էին աղքատությունը կրկնակի կրճատել, մինչդեռ այն 26.4 տոկոսից նվազել է ընամենը 21.7 տոկոսի, Արսեն Թորոսյանն ասաց. «Մենք ունենք կրկին նվազող թվեր։ Ի դեպ, երբ որ դուք նշում եք 2019 թվականի թվերը և այսօրվա թվերը, մենք պետք է հիշենք, թե ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի և որոշ առումով նաև ընդհանրապես, համաշխարհային տնտեսությունը։ Դա Կովիդի համավարակն էր, մեր դեպքում դրանք գումարած և միաժամանակ պատերազմն էր, հետո ներքաղաքական ցնցումներն էին, հետո ընտրություններից հետո մի քանի անգամ հարձակումներն էին Հայաստանի Հանրապետության վրա, և դրանից հետո միայն հաստատված խաղաղությունն է, որ մեզ տալիս է սոլիդ հիմքեր այդ ճանապարհը ավելի կայուն և անշեղորեն շարունակելու։
Ես վստահ եմ, որ մենք և՛ իջեցնելու ենք աղքատության թվերը էականորեն և նաև հաղթահարելու ենք ծայրահեղ աղքատությունը, և ընդհանրապես այդ ամեն ինչը պետք է նայել կոնտեքստում։
Եվ կառավարության ծրագիրը և նախընտրական ծրագրերը, դինամիկ փաստաթղթեր են, դա գործընթաց է, որ դու ընթացքում շտկում ես և իրականացնում ես այն քաղաքականությունը, որը լավագույն է այդ պահի համար»։
Նա նկատեց, որ երկար տարիներից հետո Հայաստանում առաջին անգամ հերթական ընտրություններ են անցկացվելու, ինչը շատ կարևոր է և կայունությունը ապահովելու և շարունակականությունը ապահովելու առումով։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հաջորդ դիսկոտեկի ժամանակ ինքը հանդես կգա իր սեփական երգով, Արսեն Թորոսյանն ասաց. «Այդքան տաղանդ ունենայի, կներկայանայի, ցավոք չունեմ»։


