Այցերի ընթացքում մեկ-երկու կամուրջ անվանվող շինություն ընկավ աչքովս, որը կամուրջ անվանել շատ դժվար է. վարչապետ
«Տեղի ունեցածի արդյունքներով մենք պետք է նորից անդրադառնանք մեր ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին»: Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին և դրա հետևանքներին:
«Առաջինը՝ ստանդարտնեին, և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք թե մենք ընդհանրապես ճիշտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները և ընդհանրապես ինչ պիտի նկատի ունենանք կամուրջ ասելով: Մի քանի այցերի ընթացքում մեկ-երկու մեր կողմից կամուրջ անվանվող շինություն ընկավ աչքովս, որը ըստ էության երկու մեծ խողովակ է, պայմանական ուղղահայաց և հորիզոնական ինչ-որ բաներ վրան շարված, որը կամուրջ անվանել շատ դժվար է, և շատ պայմանական:
Նաև մենք պետք է հասկանանք, թե օրինակ տվյալ հատվածու ճանապարհային հենապատեր գոյություն ունեցել են, թե՞ չէ, ինչո՞ւ չեն աշխատել այդ հենապատերը»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նկատեց՝ նաև պետք է վերլուծություն իրականացնենք, թե եղանակի տեսությանը մեր համապատասխան մարմինների արձագանքը որքանով է ադեկվատ եղել. «Այսինքն ինչ է եղել եղանակի տեսությունը, ինչքանով է ճշգրիտ ահազանգվել գետերի հոսքերի հնարավոր մեծացումը և այն մարմինները, որոնք պետք է դրան արձագանքեին՝ ինչքանով են դրան արձագանքել, կարող էին արձագանքել, թե՞ չէին կարող: Սա նույնպես աշխատանք է, որ պետք է անպայման արվի»:
Արձագանքելով վարչապետին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Կան միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում և կան կոնկրետ միջազգային գործընկերներ, ովքեր այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամությւոն են հայտնել»:


