շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արթուր Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները

Արթուր Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկայացրեց «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Նա, մասնավորապես, նշեց. «1, Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը և Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելուն։ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դառնալու է որակի և տեխնոլոգիական առաջընթացի հոմանիշ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի առնվազն 25%-ը։

2, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են համաշխարհային արժեշղթաներին՝ արտադրելով մրցունակ ապրանքներ կամ մատակարարելով բարձրորակ ծառայություններ։

3, Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի և գիտահետազոտական նախագծերի պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ առաջնահերթ դիտարկելով ռազմարդյունաբերությունը։

4, Գործուն քայլեր են ձեռնարկվելու՝ խրախուսելու բանկերին և կենսաթոշակային ֆոնդերին ֆինանսավորելու տնտեսության իրական հատվածը։ Ստեղծվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։

5, Հայրենական արտադրողը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու ընդլայնելու հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Գերակա ոլորտներում իրականացվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն։

6, Ռազմավարական նշանակության և մեծ սոցիալական ազդեցություն ունեցող շուկաները, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, պաշտպանված են լինելու դրսից եկող անազնիվ մրցակցությունից։

7, Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու է ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ: Հարկային հետվերադարձի և այլ ուղղակի աջակցության գործիքակազմով խրախուսվելու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նորաստեղծ ՓՄՁ-ներին տրամադրվելու է երկամյա «հարկային արձակուրդ»։ Տնտեսության իրական հատվածի առնվազն 25%-ն արտադրելու են փոքր ու միջին ձեռնարկությունները:

8, Կառավարությունն իրականացնելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Երկրի տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ամբողջ պոտենցիալը չի կարող կենտրոնացված լինել մայրաքաղաքում։

9, Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնում դրված են լինելու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգության բարձրացումը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը։

10, Վերանայվելու է եկամտային հարկի գործող մեխանիզմը։ Անցում է կատարվելու հարկման պրոգրեսիվ համակարգին, գործելու է «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Իրականացվելու է գործազրկության կրճատման քաղաքականություն՝ տարեկան 30,000-45,000 կայուն աշխատատեղերի ստեղծմամբ։

11, Հայաստանում աշխատող աղքատներ չեն լինելու։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձը՝ այն հավասարեցնելով կենսապահովման զամբյուղի արժեքին։

12, Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է՝ պահպանելու կենսաթոշակների գնողունակությունը։ Փաստացի գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ»։

  • Կիսվել: