Արտահերթ ընտրության գնալու մտադրություն չունենք․ ՔՊ-ական պատգամավոր
Նախագիծը միտում ունի հնարավորինս պահպանել այն կապը, որը կա Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացու և պետության միջև, որովհետև ընտրությունները հենց հիմնական կապն է քաղաքացու և պետության միջև, որով քաղաքացին կանոններ է սահմանում, իշխանություն է ընտրում և պատրաստվում է ՀՀ-ում այդ իշխանության հետ աշխատել, ապրել և մշտապես բնակություն հաստատող քաղաքացուն վերաբերելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախապատրաստած համապետական ընտրություններին և հանրահավաքներին մասնակցելու համար բնակության ցենզ սահմանելու մասին նախագծին։
«Այն քաղաքացիները, որոնք վերջին 1 տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս՝ 183 օր բացակայել են երկրից, ժամանակավորապես կզրկվեն քվեարկության իրավունքից։ Մշտական բնակություն ունեցող է համարվում այն քաղաքացին, որը վերջին 1 տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ երկրում և ունի իր կենսական շահերի կենտրոնը այդ երկրում։ Եթե մարդ 6 ամսից ավել ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար ունի իր տնտեսական շահերը ՀՀ-ում, հարկ է վճարում, աշխատում է։
ՏԻՄ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապետական ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք։ Կարծես նաև սա է միավորում այս նախագծին, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաև այս առումով։ Նույնը վերաբերվում է նաև հանրաքվեի մասին օրենքում, նաև փոփոխությունը վերաբերելի է այդ օրենքում, փոփոխություններ արվում են նաև այդ օրենքում»,- պարզաբանեց պատգամավորը։
Նա հավելեց, որ օրենքում բացառություններ կլինեն։
Ալխաս Ղազարյանը շեշտեց, որ նման սահմանափակումները հաջողությամբ կիրառվում են արտասահմանյան շատ երկրներում։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո նման սահմանափակումների ներդրումը խոսում է արտահերթ ընտրությունների գնալու մասին, պատգամավորը նշեց՝ ոչ։
«Ոչ բնավ, նման մտադրություն չունենք։ Արտահերթ ընտրությունների մտադրություն ընդհանրապես չկա, բայց հետագայում կխուսափենք նման իրավիճակներից, քանի որ այս ընտրություններում արտահայտվեց այդ իրավիճակը»,- ասաց նա։


