Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: