Արցախի ապաշրջափակման հարցով ակցիայի մասնակիցները հասան ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանատներ. քայլերթն ավարտվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Արցախի ապաշրջափակման հարցով Ազատության հրապարակից մեկնարկած քայլերթն ավարտվեց ՄԱԿ-ի գրասնեյակի մոտ, որտեղ ակցիայի ավարտին հնչեց Արցախի Հանրապետության հիմնը:
Նշենք, որ ակցիային մասնակցում էր նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ակցիայի մասնակիցները, որոնց թվում կային մշակույթի, արվեստի գործիչներ, քայլեցին Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակո, Վազգեն Սարգսյան փողոցով, կանգ առան և կոչեր հնչեցրին Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների առջև:
Նրանք քայլերթի ժամանակա վանկարկում էին` «Բացեք կյանքի ճանապարհը», «Ալիևին պատժեք» և այլն:
ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները կոչ արեցին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար ճգնաժամը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև բացել օդային ուղին։ ՌԴ դեսպանատնից հետո նրանք ուղևորվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ ֆրանսերենով ուղերձ հղեցին` նշելով, որ արցախցին ու հայն իրավունք ունեն ապրելու իրենց հողում, և այսօր եկել է Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը։ Դեսպանատների մոտ ակցիաներ իրականացնելուց հետո քաղաքացիները հասան ՄԱԿ–ի գրասենյակ, որտեղ էին նաև Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը և պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Ակցիան ավարտեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Ակցիայի վերջում հնչեց Արցախի Հանրապետության օրհներգը, ապա բոլորը աղոթք հնչեցրին առ Աստված։
Հիշեցնենք, որ արդեն 9-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը՝ ներառյալ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։


