շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախցիների պառակտումը շարունակվում է․ «Հրապարակ»

Արցախցիների պառակտումը շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․   Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն՝ բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են։ Այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։ Ասում են՝ Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահի լիազորությունները լրանալուց՝ մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով:

Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում՝ 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել`  առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, միայն հորդորել է` ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։ Ի դեպ, երեկ Արցախի ներկայացուցչության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների` Բաբայանի կողմնակիցներ, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն եւ պարզել իր դիմումի ճակատագիրը։ Նա 2023 թ. նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի՝ տարածված խոսակցություններին վերջ տալու համար: Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները: Ցուցարարները հայտարարել են՝ եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա՝ կանի։ Սրանով մի քանի խնդիր են  լուծում․ Բաբայանին նախագահ դարձնել եւ արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ։

  • Կիսվել: