Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով ՀՔԾ-ն երկրորդ անգամ նախաքննության ավարտ է հայտարարել: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից InfoPort.am-ին տեղեկացնում են, որ քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատելու համար այն այժմ դատախազությունում է:
Նկատենք, որ քրեական գործի մեղադրական եզրակացությունը ուղարկվում է Գլխավոր դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Եթե այն չի հաստատվում, հետ է ուղարկվում նախաքննության:
Այս քրեական գործը մի անգամ արդեն եղել է Գլխավոր դատախազությունում. Մեղադրական եզրակացությունը չէր հաստատվել և հետ էր ուղարկվել նախաքննական մարմին: Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:


