Արա Աբրահամյանն այցելել է Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին և իր աջակցությունը հայտնել եկեղեցուն
2025 թ. հունիսի 10-ին Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելեց Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու համալիր և հանդիպեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին։ Այս մասին իր էջում գրել է Արա Աբրահամյանը՝ հրապարակելով լուսանկար:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունը իր աջակցությունը հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ հայաստանյան իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ սկսված աննախադեպ և ցինիզմով լեցուն հարձակումների պայմաններում։
Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ մեր քրիստոնեական հավատքի և Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, մենք կարողացել ենք հաղթահարել պատմության ամենածանր փորձությունները և պահպանել մեր ազգային ինքնությունը։
Այսօր ևս Հայ Առաքելական Եկեղեցին մնում է այն եզակի հիմնարկը, որը կարող է համախմբել հայ ժողովրդին և ազատել հասարակությունը բաժանարար գծերից, փոխադարձ ատելությունից և թշնամանքից»։