Անհրաժեշտ է սթափվել և կանգնեցնել այն գործընթացը, որը պայթյունից առաջ սկսվող հետհաշվարկ է հիշեցնում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է.
«2019 և 2020 թվականներին Հայաստանի քաղաքական, հասարակական, գիտական, մեդիա, ակտիվիստական և անգամ ռազմական միտքը կենտրոնացած էր մեկ թեմայի վրա։
Այդ արհեստական թեման հանրային դաշտ էր նետվել իշխանությունների կողմից և զբաղեցրել էր հանրային կյանքի բոլոր տիրույթները՝ թույլ չտալով մտածել այլ հարցերի շուրջ։ Թեման՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամն էր։
Եթե կարճ՝ դա մի անհեթեթություն էր, որի միջով մենք բոլորս անցանք։ Այս օրերին Հայաստանի Հանրապետության հասարակական ամբողջ միտքը կենտրոնացած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, սրբազանների սեռական կյանքի ու անկողինների, կուսակրոնության և եկեղեցու ներքին խնդիրների վրա։ Բոլորի միտքը դրանով է զբաղված՝ թիվ մեկ մարդուց մինչև վերջինը։
Ցանկանում եմ հիշեցնել, որ 2019–20 թվականներին մտավոր ռեսուրսը սխալ ուղղությամբ աշխատացնելու և կիրառելու արդյունքում մեր պետությունը պատերազմի հանգեց։
Կործանարար պատերազմի, որի ալիքներից մինչ օրս ջախջախիչ հարվածներ է ընդունում։ Մեր առջև ծառացած լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ կան այսօր, բայց մենք կրկին զբաղված ենք անհեթեթություններով։ Անհրաժեշտ է սթափվել և որքան հնարավոր է շուտ կանգնեցնել այն գործընթացը, որը պայթյունից առաջ սկսվող հետհաշվարկ է հիշեցնում»։