Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին և ռազմագերիներին. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կրկնել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու և հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հնչեցրած միտքը։
«Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին և ռազմագերիներին»,- սոցցանցի իր էջում գրել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով։ Ես հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի հնարավորություն ունենա դիտարկելու եւ զսպելու այդ լարվածությունը։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր, եւ ազատ արձակել այնտեղ պահվող գերիներին»,- նշել է նախարարը։