ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին

Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին

Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ղադա Վալին արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ մշտական ներկայացուցչին և պատրաստակամություն հայտնել համակողմանիորեն աջակցել Հայաստանի հետ առկա համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար, դեսպան Հովհաննիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող մարմինների հետ փոխգործակցությունը խորացնելու և առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության ընթացիկ և նախանշվող ծրագրերի, համապատասխան ոլորտներում ՀՀ բարեփոխումներին Գրասենյակի աջակցության հնարավորությունների շուրջ։

  • Կիսվել: