Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ 2026-ին իշխանությունը չի փոխվելու
Սա փաստում է մի բան. որ Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում և անշրջելի իրողություն է դառնում: Այդ մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին:
«Մենք ավելի շատ ձայն ունենք հավաքած 2021 թվականի համեմատությամբ, բայց այս արդյունքները մեզ չեն գոհացնում: Վստահաբար, ՔՊ-ն, մանրամասն վերլուծելով ընթացքը, արդյունքները և որոշակի հետևություներ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին»,-ասաց նա:
Ավանեսյանը նաև չի կարծում, որ 2026-ին փոխվելու է իշխանությունը: «Ինձ վստահեցնում է այն, որ մեր Կառավարությունն իրագործում է տված խոստումները և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում: Միանշանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է 2026 թվականին ևս իշխանության գալ»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ կիսո՞ւմ է թիմակցի՝ Վիլեն Գաբրիելյանի, տեսակետը, թե 26-ին իշխանություն չեն լինի, նա պատասխանեց. « Չէ, չեմ կիսում։ Մեր կառավարությունն իրագործում է տված խոստումները, և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում, և միանշանակ, հավակնում է 26 թվականին ևս իշխանության գալ»,- ասաց նա։