հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ԱՄՆ Պետդեպի խոսնակը պատասխանել է Ադրբեջանի բանտերում պահվող հայերի ճակատագրի մասին հարցին

ԱՄՆ Պետդեպի խոսնակը պատասխանել է Ադրբեջանի բանտերում պահվող հայերի ճակատագրի մասին հարցին

ԱՄՆ-ն շարունակելու է հետևողականորեն կոչ անել Ադրբեջանին՝ հարգելու մարդու իրավունքները, այդ թվում՝ բանտարկյալների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած գործողությունների մասին հարցին։

Միլլերը, մասնավորապես, ասել է. «Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգելու իր երկրում գտնվող բոլոր անձանց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, և մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»։

Լրագրողն օրինակ է բերել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանին՝ Ջարեդ Գենսերին, որին Ադրբեջանը մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը և խախտում նրա հիմնարար իրավունքները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարի՝ անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ արդյոք քննարկվե՞լ են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը, Միլլերն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուրջ ԱՄՆ-ն կանոնավոր կերպով շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ։

  • Կիսվել: