ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է «ռուսներին դուրս քշել» իր տարածքից, սա սադրանք է. Լավրով
Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս մղել» իր տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, բացահայտ սադրանք է համարում, այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, եւ սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ... Չկա այլեւս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»,- ասել է Լավրովը։
Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա «գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ... Միացյալ Նահանգները «գցեց» Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- հիշեցրել է Լավրովը։
Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Գյումրիի 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երեւանում։