ԱՄՆ–ի հետ հարաբերությունները խորանում են և խորանալու են բոլոր ուղղություններով. Արսեն Թորոսյան
Կարծում եմ՝ որևէ գաղտնի բան չկա Վենսի այցի շրջանակներում քննարկվող հարցերի օրակարգերում, Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, ավելին մենք ունենք նաև արդեն ռազմավարական մակարդակի հարաբերություններ և նաև դրանից բխող ոլորտային հարաբերություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախորդ տարվա օգոստոսի 8–ին խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ, ստորագրված տարբեր ուղղություններով։ Գիտեք, որ մի քանի հուշագրեր էին ստորագրվել, որոնցով մենք ունենք առաջընթաց՝ արհեստական բանականության մասով, էներգետիկայի մասով, ապաշրջափակման մասով։
Ես չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց ԱՄՆ փոխնախագահի այցն իրականում պատմական է, որովհետև երբևէ տեղի չի ունեցել, սա առաջին նման այցն է և նրան պետք է վերաբերվել հենց այդպես։ Սա նշանն է նրա, որ հարաբերությունները խորանում են, խորանալու են, և երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու։ Մենք այդ տրամաբանության մեջ շարունակելու ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք Վենսի այցը ԵՐևան և Բաքու կհանգեցնի խաղաղության պայմանագրի կնքման, Թորոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ուղիղ պատասխանել, դա որևէ կերպ կազդի, թե չի ազդի հենց դա, բայց խաղաղության պրոցեսը առաջ տանելը և դրա շրջանակներում խաղաղության համաձայնագիրը վերջնական կնքելը ամենօրյա աշխատանք է պահանջում, որը մենք իրականացնում ենք արդեն երկար տարիներ»։
Նա չհամաձայնեց տեսակետին, որ Վենսը Բաքու գնում է առավել հագեցած օրակարգով. «Այսինքն մեր օրակարգը հագեցած չի, իրենց հագեցա՞ծ է, այդ նսեմացման քաղաքականությանը եկեք վերջ տանք։ Ի՞նչ է նշանակում առավել հագեցած կամ առավել քիչ հագեցած։ Մեր օրակարգն էլ է շատ հագեցած և մենք էլ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմապիսի, բազմավեկտոր հարաբերություններ և քաղաքականություն վարում բոլոր ուղղություններով։ Կա ռազմավարական փաստաթուղթ ստորագրված ԱՄՆ–ի հետ, որտեղ նշված են ուղղություններ, բայց, իհարկե, մենք դրանցով չենք սահմանափակվում և ընդհանրապես երկու երկրների միջև, երբ խորացող հարաբերություններ են լինում, բոլոր ուղղություններով էլ այդ հարաբերությունները խորանում են»։


