Ամեն օրը նրա կյանքի համար անդառնալի վտանգ է. Մանե Թանդիլյանը խնդրում է Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը
Իմ հացադուլը ընդամենը խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի հացադուլը, պաշտպանի ու պահպանի իր առողջությունը, որը թանկ է բոլորիս համար: Այս մասին ասել է Ազատության հրապարակում նախօրեից հացադուլ սկսած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Ես շատ խնդրում եմ, որ տարբեր միջոցներով, որով որ նա կիմանա այդ մասին՝ փաստաբանի կամ ընտանիքի անդամների, ինքը իմանա, որ իրեն սպասում են, իր առողջությամբ մտահոգ են ու խնդրում եմ՝ դադարեցնի: Մենք գիտենք այն պատճառները, որոնց համար նա սկսել է եւ մեր ամոթն է, որ նա այդ պատճառներով հացադուլ է սկսել: Մենք պիտի արած լինեինք, որպեսզի նա չսկսեր այս հացադուլը, բայց ամեն դեպքում ես խնդրում եմ դադարեցնի, քանի որ ամեն օրը նրա կյանքի համար անդառնալի վտանգ է: Մենք կարող ենք այդ լավագույն հայորդուն կորցնենք Բաքվի բանտում: Եթե մենք դա մասենք ու դրա հետ հաշտ լինենք, ես ամաչում եմ մեզ, որպես հավաքական հայ ժողովուրդ ընկալել այլեւս, այնպես որ ընդամենը խնդրանքս է իրեն, որ դադարեցնի արդեն 12-րդ օրը տեւացող հացադուլը»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանի հացադուլին են միացել Արտավազդ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր սկսել փետրվարի 19-ին՝ այդպիսով իր բողոքը հայտնելով իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: