ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ալիևը հանդես է եկել պատերազմի անոնսով. Զուրաբյան

Ալիևը հանդես է եկել պատերազմի անոնսով. Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ կարող է չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետը և Արևմուտքի հովանու ներքո ստանալ խաղաղության ծրագիր, որում Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տրամադրելու մասին կետ չի ներառվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այդ նպատակով նա զոհաբերեց Արցախը՝ հույս ունենալով, որ դրանից հետո Արևմուտքը կստիպի Ադրբեջանին ստորագրել այս նոր ծրագիրը։ Սակայն դա տեղի չունեցավ»:

Զուրաբյանը հավելեց, որ այսօր հրադադարի ռեժիմի հաստատման միակ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որի բազմաթիվ կետեր այդպես էլ չեն կատարվել, բայց Փաշինյանը պարտավորություն է ստանձնել, և հիմա էլ նրանից պահանջում են կատարել դրանք։

«Փաշինյանը հայտնվել է փակուղում։ Եթե նա հետ վերցնի իր ստորագրությունը, ապա դա Բաքվին ռազմական գործողություններ սկսելու պատրվակ կտա։ Եթե նա հետ չվերցնի, ապա պետք է կատարի իր պարտավորությունները։ Կարծում եմ, որ մենք կարող ենք գնալ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փոփոխելու ճանապարհով, որպեսզի պարտավորությունները սկսեն երկկողմանի բնույթ կրել։ Միակ խնդիրն այն է, որ ժամանակ չի մնացել. Ալիևը հանդես է եկել պատերազմի անոնսով։ Բաքվին պատերազմ չսկսելու համար անհրաժեշտ է զսպող միջոց։ Ո՞վ կարող է դա անել: Միջազգային իրավունքն այսօր չի գործում, գործում է միայն ուժի գործոնը։ Այս նախաձեռնությունը պետք է լինի Արևմուտքից, եթե Հայաստանի իշխանությունները համապատասխան ուղղություն բռնեն։ Եթե ոչ, ապա Փաշինյանը պետք է փորձի ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ»,,-կարծիք է հայտնել Զուրաբյանը:

  • Կիսվել: