երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է. Ալիևը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է. Ալիևը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը ձախողվելու են: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում «նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ:

«Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ունի ռազմավարական գործընկերության համաձայնագրեր։ Իսկ Հայաստանը ինքն է իր ագրեսիայի ու օկուպացիայի պատճառով զրկվել տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից»։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը Ալիևը շեշտել է, որ «չի պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնան Հայաստանի հետ, դա իրատեսական չէ»:

«Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է։ Բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ, մենք պատրաստ ենք դրան», - ասել Է Ալիևը:

Խոսելով «Խաղաղության պայմանագրի» մասին Ադրբեջանի առաջնորդը ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահություն կառուցելու քայլեր սկսել»: 

«Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել»,- ասել էր նա։

Ալիևն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին՝ Հայաստանին «կոչ անելով ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:
 
Հավելել է, թե գնդակը հայկական կողմում է։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է համագործակցության մեկնարկի ազդանշան դառնալ:

  • Կիսվել: