Ալենին ասեք՝ իր հետ կապված քիչ խոսի. Սիմոնյանը՝ Թովմասյանի խնդրանքով Վանեցյանի զանգի շուրջ
Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից: Նա ասաց`Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իր հետ կապված քիչ խոսի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը
Ըստ Սիմոնյանի՝ Արթուր Վանեցյանն այդ պահին միայնակ չի եղել, էլի լսողներ են եղել: Նա նշեց. «Ես ի գիտություն ընդունեցի: Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը: Դրանից մի քանի օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ նորմա՞լ է հիմա ամեն ինչ: Ես զարմացել էի, մեջքից էր գրկում: Ես ասացի՝ հա, նորմալ է: Հետո հասկացա, որ դա իմ ու Վանեցյանի խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքով հայցերից է խոսում, բայց պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ: Իսկ եթե ամեն դեպքում պատրաստվում է հայց ներկայացնել…»:
ԱԺ փոխխոսնակը պատասխանեց նաեւ այն հարցին, թե՝ եթե Թովմասյանն ասի, որ ինքը սու՞տ է խոսում: «Թող փորձի»,-ասաց Սիմոնյան ու հավելեց. «Գրիչն ու մնացածը սկիզբը չեն ու վերջն էլ չեն: Հիմա փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել: Տարեթիվ են կեղծել, որպեսզի պարոն Հրայրը՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, 30 տարով ուզուրպացնի ՍԴ-ն»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքն անմեղության կանխավարկած չի խախտում. «Կա դատարան ու կտեսնենք, թե ինչ վճիռ կլինի: Բայց հավաստիացնում եմ, որ շատ մեծ խնդիրների առաջ է կանգնելու այն անձնավորությունը, ով հաճախ ստում է մեր հանրությանը և ազնիվ չի գտնվում լրագրողների առջև խոսելիս»: