երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը մասնակցել են խորհրդանշական ծառատունկի

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը մասնակցել են խորհրդանշական ծառատունկի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ–ից հայտնում են, որ ընդգծելով երկու երկրների միջեւ խորացող համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր՝ ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը եւ երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Խորհրդարանների ղեկավարների հանդիպումը եզրափակվել է խորհրդանշական ծառատունկով:

  • Կիսվել: