Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր հայտարարությանը, որտեղ նշել էր, որ Սամվել Կարապետյանը կկորցնի ունեցվածքը:
«Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան: Եթե զգացել եք, իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես կլինի: Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որ որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշեց նա:
Արձագանքելով հարցին, թե Կարապետյանը ինչ խոստումներ է տվել, վարչապետն ասաց. «Ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ, դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն՝ ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել, և այլն: Դա մեզ հետ կապ չունի: Մենք մեր պրոցեսները թափանցիկ կերպով, որը էլի էս կոնտեքստի հետ կապ չունի, նաև ՀԷՑ-ի պատմությունը, որը հիմա ըստ էության պետականացված է դե ֆակտո, և դե յուրեն էլ տեղի կունենա, բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով:
Ես ուզում եմ հիշեցնել, ես դրա մասին տասնյակ անգամ խոսել եմ, և տասնյակ անգամներով աշխատանքային կարգով մենք զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու: Դա տևել է տարիներ, և կայացվել է որոշում, հիմա ՀԷՑ-ը Հայաստանի կառավարության, պետության տիրապետության ներքո է, և կշարունակի այդպիսին լինել: Մեր պլանն է, որովհետև իրավական ընթացակարգեր կան, այսպես ասած իմ տեսադաշտում գտնվող հատվածը կարող եմ մեկնաբանել, որ մեր լավագույն նպատակադրումն է, որ այն դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և մենք միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ և ամենապրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ-ը կառավարի այնպես, որպեսզի Հայաստանի սպառողների շահերը պաշտպանվեն, ոչ թե կառավարվի այնպես, որ մեր սպառողների հաշվին բանկերից տոկոսներով վարկեր վերցվեն և իրար միջև՝ հարազատների, բարեկամների միջև բաշխվեն, և Հայաստանի ընդհուպ զորամասերի և պետական մարմինների վրա հավելագրումներ անեն էլեկտրական հոսանքի:


