Ականատես ենք լինում երեսպաշտության բացառիկ մի շքահանդեսի՝ մեր ընդդիմությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ. Ջուլհակյան
Օրեր շարունակ քննարկում ենք իրավապահ մարմինների, ՄԻՊ-ի տարեկան հաղորդումները և, ըստ էության, կարող ենք ասել՝ ականատես ենք լինում երեսպաշտության բացառիկ մի շքահանդեսի՝ մեր ընդդիմությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին խորհրդարանում ելույթում հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:
«Հարգելի՛ գործընկերներ, ով խոսի կոռուպցիայից, խնդրո՛ւմ եմ, դուք խոսեք տանձից և խնձորից և միայն տանձից և խնձորից: Այս առումով ես ողջունում եմ պարոն Արթուր Խաչատրյանին, որ այսօր վերջապես սկսեց խոսել տանձից, մասնավորապես, տանձի պովիդլոյից:
Ամեն անգամ, երբ դուք ամբիոնից լալահառաչ տեքստեր եք ասում կոռուպցիայի ահագնացող տեմպերի մասին, աշխարհի մի անկյունում լուռ ժպտում և մահանում է մի փոքրիկ Հովիկ Աբրահամյան:
Երբ դուք խոսում եք կոռուպցիայից, դա նույնն է, որ Չիկատիլոն գա այս ամբիոնից և դժգոհի երեխայի շահը լավագույնս չպաշտպանելուց կամ մարդու նկատմամբ վատ վերաբերմունքից: Այդ համեմատությունն ամբողջությամբ նույնական է, հարգելի՛ գործընկերներ»,- ասաց Ջուլհակյանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, նկատեց՝ նա առիթը բաց չի թողնում կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելու համար, հայտարարում է, թե հետևողական է լինելու ԱՆԻՖ-ի, QR նոր ակցիզների հետ կապված գործի մասով:
«Ցը՛մփ, հարգելի՛ գործընկերներ, մենք փրկված ենք: Կոռուպցիայի դեմ պայքարը այլևս հուսալի ձեռքերում է: Կարող ենք հանգիստ քնել, բայց, հարգարժան տիկին Գրիգորյան, ձեր խոսքերն արժանահավատ չեն: Գուցե նրանք փոքր-ինչ արժանահավատ լինեին, եթե գեթ մեկ անգամ պտտվեիք և այս հատվածի վերջին շարքում նստող մեր հարգարժան գործընկերոջը, նույն ինքը՝ սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 մլրդ 74 մլն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի վերահսկող բաժնեմասի ձեռք բերող դառնալու արվեստը:
Մենք ձեզ գուցե ավելի շատ սկսեինք հավատալ, եթե այս ամբիոնից գեթ մեկ անգամ սիրելի առաջնորդին հղեիք հետևյալ հարցը՝ այդ ի՞նչ 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 մլն դոլար 985 մլն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն և մի շարք այլ ընկերություններ, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8,3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց՝ ավելի քան 3,8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 միլիարդ դրամ է փորձում գլխավոր դատախազոթյունը բռնագանձել ձեզնից և ձեր ընտանիքից»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, թե գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին, հայտնի է նաև խժդժությունների հեղինակը՝ Նիկոլ Փաշինյան անունով, Ջուլհակյանը պատասխանեց՝ միանշանակ՝ գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին, և պատմությունը չպիտի կեղծվի:
«Երբ ես ասում եմ՝ գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին, ես իսկապես նկատի ունեմ բոլորին, այդ թվում՝ պարոն Մինասյանին, պարզապես պարոն Մինասյանն ուզում է կեղծել պատմությունը, որովհետև այն, ինչ եղել է, բնավ ձեռնտու չէ քաղաքական գործչի հեղինակության համար»,- ընդգծեց պատգամավորը: