ԱԳՆ տեղակալը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրենի հետ
Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը: Այս համատեքստում կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային աջակցության կարևորությունը: