կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա․ Քոչարյան

Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա․ Քոչարյան

«Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանություններն  իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ՝  դրանով լարվածութուն ստեղծելով  Արցախում և, բնականաբար, ակնկալիքը այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան։  Ես կարծում եմ՝ պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկությունները իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը՝ անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար,  և անվտանգության միջավայրի կառուցում  Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,- ԱԺ ճեպազրույցերի ընթացքում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ օրեր առաջ ադրբեջանցի իբրև թե բնապահպանների կողմից  Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայր մուտք գործելու փորձին․ «Այնպես, որ Կաշենի առիթը կլինի, հետո մեկ այլ առիթ կփնտրեն»,- ընդգծեց նա։  

Հարցին, թե արդյո՞ք պետք է  ադրբեջանցիներին կանգնեցեր Արցախի ոստիկանությունը, Քոչարյանը նշեց․«Վերջին հաշվով խնդիրը լուծվել է Արցախի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, խաղաղապահ ուժերն ունեն  առաքելություն նման լարվածությունները չեզոքացնելու և  այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր  ուժը և բովանդակությունը»։ 

«Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, ուրիշ բան՝  մենք ինչքանով ենք պատրաստ դիմայակել նրա այդ  ծրագրերին։ Եղել են ժամանակաշրջաններ, երբ մենք ոչ միայն դիմակայել ենք, այլ նաև շատ հեռու ենք հետ շպրտել։ Եվ կարծում եմ Ադրբեջանը պետք է  մի բան իմանա՝ նման քայլերով ինքը ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը  դարձնեն շատ ավելի  գերակա և մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի  արագ քայլերով»,- նշեց պատգամավորը։ 

Հարցին, թե ինչպե՞ս են հասել ադրբեջանցիները հանքավայր, նա պատասխանեց․ «Կարծում եմ ՝ այստեղ փոխհամաձայնեցված գործողություն է տեղի ունեցել»,- ըստ Քոչարյանի Արցախի իշխանությունները պետք է կարողանան կառավարել  իրավիճակը և ըստ իր դիրքորոշման՝ կարողանում են հիմա էլ տեսանելի կերպով կառավարել։

Հարցին, թե ում միջև է եղել փոխհամաձայնություն, նա նշեց․ «Չեմ կարող ասել ում միջև, բայց որ համաձայնություններն առկա են դա էլ է փաստ, չէին կարող բնապահապանները վերցնել դրոշակները և գնալ Արցախի ցանկացած միջավայր հասնել։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը, ըստ էության, հակազդման հնարավորություն է ստեղծում նման խնդիրները կարգավորելու համար»։ 

«Այս պահի դրությամբ լարվածություն չկա, խնդիրը լուծված  է, եթե լարվածության էլի նման դրսևորումներ լինեն կարող է  հաջորդ անգամ թույլ չտան, մի անգամ թույլ տան (ռուս խաղաղապահները), սա գործընթաց է և պետք է այնպես անել, որ չբերի ավելի մեծ լարվածությունների, բայց նաև մեզ հնարավորություն տա մեր անվտանգային խնդիրներն արագ լուծելու»,- ընդգծեց Քոչարյանը։  

  • Կիսվել: