Ադրբեջանի պնդմամբ՝ Հայաստանը պատրաստվում է պատերազմի. դա նշանակում է, որ Բաքուն ի՛նքն է պատրաստվում դրան. շվեդ պատգամավոր
Ես ադրբեջանական Caliber լրատվական կայքում կարդացի, թե Հայաստանը ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Թեև սա ռեժիմի պաշտոնական ալիք չէ, սակայն պետք է հիշել, որ երկիրը բռնապետություն է, և որ ազատ, անկախ մամուլ չկա, ուստի այս հաղորդագրությունը կարելի է ռեժիմի կողմից արտոնված համարել: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեղադրանքը, անշուշտ, միանգամայն անհեթեթ է: Այն դեպքում, երբ Բաքվի բռնապետությունը մշտապես ռազմատենչ հռետորաբանություն է գործածում, Երևանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը փորձում է խաղաղ ճանապարհ գտնել:
Իհարկե, ճիշտ է, որ Հայաստանն ուժեղացնում և արդիականացնում է իր զինված ուժերը, բայց դա արձագանք է Ադրբեջանի ագրեսիային և բնավ նշան չէ, որ նրանք հակամարտություն են փնտրում։ Ավելին, չնայած բանակի այս հզորացմանը՝ աշխարհի երկրների ռազմական հզորությունը գնահատող Global Firepower վարկանիշային աղյուսակում Հայաստանն առաջվա պես զբաղեցնում է միայն 91-րդ հորիզոնականը, մինչդեռ Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը, ուստի հայտարարությունը, ըստ որի Հայաստանն Ադրբեջան է, իմաստ չունի։
Նույն հոդվածում մեղադրանքներ կան նաև Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին, որը մեղադրվում է ադրբեջանական զորքերին լրտեսելու և ապա այդ տեղեկությունները Հայաստանին փոխանցելու մեջ։ Սա դավադրության տեսություն է։ ԵՄ-ն ցանկանում էր առաքելություններ ունենալ սահմանի երկու կողմերում՝ էսկալացիան կանխելու համար։ Սակայն մինչ Հայաստանում ողջունում էին ԵՄ-ին, Ադրբեջանը միշտ «ոչ» էր ասում: Հայաստանը ցանկանում է, որ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Ադրբեջանը՝ ոչ։ Սա շատ բան է ասում նրա մասին, թե ով է սպառնում խաղաղությանը, որովհետև խաղաղությունը վտանգված է, բայց ոչ Հայաստանի կողմից։
Պատերազմի նախապատրաստության մասին հայտարարությունները պետք է դիտել որպես նախազգուշացում, որ դա հենց այն է, ինչ անում է Ադրբեջանը։ Վտանգը հենց նրանում է, որ Ադրբեջանը նախատեսում է կեղծ հայտարարություններ կիրառել սեփական բռնությունն արդարացնելու համար: Հոդվածի վերջում տրված արտահայտությունը մտահոգիչ պատկեր է ուրվագծում. «այս պահին Երևանում գտնվող ամբողջ շինարարական տեխնիկան կուղարկվի Եռաբլուր»։ Դժվար է այս ուղերձը մեկնաբանել այլ կերպ, քան այն, որ նրանք պատրաստ են սպանել հազարավոր մարդկանց:
Ադրբեջանը պետք է իմանա, որ Եվրոպայում ոչ ոք չի հավատում իրենց կեղծ պատմություններին։ Եվ նոր զինված հակամարտություն սկսելը շատ վատ գաղափար կլիներ»: