90 օրից պակաս մնալու դեպքում հայաստանցիներն ու չինաստանցիները կազատվեն մուտքի վիզայի առկայությունից
Այսօր Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ վիզային ռեժիմը սովորական անձնագրերով քաղաքացիների համար փոխադարձ չեղարկելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն ասաց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը դրականորեն կանդրադառնա ոչ միայն զբոսաշրջության ցուցանիշների, այլեւ մշակութային համագործակցության ակտիվացման վրա:
Նոր համաձայնագրով, ըստ փոխնախարարի, նախատեսվում է երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզայի առկայությունից ազատել՝ երկու երկրների տարածքում 90 օրից պակաս մնալու դեպքում։
Մինչդեռ ավելի երկար մնալու դեպքում, օրինակ՝ աշխատելու կամ ցանկացած այլ գործունեության, քաղաքացիները պարտավոր են ստանալ մուտքի վիզա։
Ադոնցը տեղեկացրեց, որ համաձայնագրում կան որոշակի վերապահումներ, որոնք վերաբերում են Չինաստանի ամբողջ տարածքին՝ բացառությամբ Հոնկոնգի եւ Մակաոյի. այդ շրջանների համար կգործեն իրավական այլ կարգավորումներ։
Մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վերոնշյալ համաձայնագրի վավերացման մասին նախագծին։


