չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
250 մլն դոլար չի մտել բյուջե, որովհետև մեքենաների բումը դուք տեղափոխել եք տաք երկրներ. Աղազարյանը՝ Թունյանին

250 մլն դոլար չի մտել բյուջե, որովհետև մեքենաների բումը դուք տեղափոխել եք տաք երկրներ. Աղազարյանը՝ Թունյանին

Այդ մեքենաների բումը չի անցել, մեքենաների բումը տեղափոխվել է ուրիշ տեղ՝ տաք երկրներ, որի արդյունքում անցած տարի հոկտեմբեր ամսվա կտրվածքով մեկ միլիարդ դոլարի մեքենա է Միջին Ասիայով գնացել Ռուսաստան և դրա ճնշող մեծամասնությունը հայ գործարարների միջոցով, պետական բյուջեն չի ստացել 250 միլիոն դոլար: Այս մասին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նշենք, որ Թունյանն առաջարկում է փոփոխություն հարկային օերնսգրքում, որով մեքենաների լիզինգով և վարձույթով զբաղվող ընկերությունները չեն հայտնվի գործող կարգավորումների մեջ, այն է` չեն հարկվի ՊԵԿ-ի առաջարկած վերադիրով:

«Դաշտը պետք չի մասնատել: Հիմա շատ ընկերություններ կդառնան լիզինգային ընկերություններ, կդառնան եսիմ ինչ ծառայություններ, կսկսեն չարաշահել, և այդ չարաշահումից արդյո՞ք Դուք չեք անհանգստանում, որ հիմա էլ այսպես կլինեն ընկերություններ, որ կօգտվեն օրենքի այդ տվյալից, հետո կսկսեն այսպես կոչված չարաշահել, մենք էլ կսկսենք իրենց կալանավորել, հետո ճնշումներ գործադրել և այլն, և այլն»,- ասաց պատգամավորը։

 

Թունյանը համաձայնեց Աղազարյանի հետ, որ հատվածական լուծումները սխալ են, բայց այս դեպքում, օրինակ, վարձույթով զբաղվողների համար ի սկզբանե եղել է տարբերվող խաղի կանոն, հետո դա ավտոմատ վերացել, գնացել է։

«Հիմա այդ Ձեր ասած ռիսկը, որ կարող է շատերը գան, տեղավորվեն վարձույթի անվան տակ կամ չգիտեմ, ինչ-որ մեկի անվան տակ, լիզինգի մասով սա բացառվում է, որովհետև լիզինգային կազմակերպություն գրանցելն ու աշխատեցնելն այդպես հեշտ գործ չի։ Ինչ վերաբերում է վարձույթին, այստեղ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ այնպիսի լուծում է մշակված, որ այդ ռիսկը փակվի: Այսինքն, ավելացված արժեքի հաշվանցումները տեղի են ունենալու փաստացի մեքենաները վարձույթի տալու արդյունքում ստացված գումարների հաշվին: Այսինքն, եթե մարդը փաստացի վարձույթով իր մեքենաները չի տալիս ու այդ գործունեությամբ չի զբաղվում, այս արտոնությունից չի կարելու, չի կարողանալու օգտվել, այսինքն այդ ռիսկը փակված է այդ մասով»,- ասաց Թունյանը։

  • Կիսվել: