ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ. Գալյան

200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ. Գալյան

Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ վարկով բնակարան է ձեռք բերել՝ 50 մլն դրամից մի քիչ քիչ արժողությամբ:

Լրագրողները, մասնավորապես, Գալյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մոտ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող ԱԳ և պաշտպանության նախարարները ձեռք են բերում մի քանի տասնյակ միլիոնավոր դրամների արժողության գույք, թեկուզ՝ վարկով։

«Ես էլ եմ վարկով բնակարան ձեռք բերել։ 50մլն դրամից մի քիչ քիչ արժողության։ Մարում եմ վարկը, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավականին լավ, ինչը ինձ հնարավորություն է տալիս վերցնել և մարել  վարկը և ունենալ նաև գույքային ձեռքբերումներ։

Հիփոթեքը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան և մարել պարտքը 20-30 տարվա ընթացքում։ Կարծում եք՝ նախարարները կամ իմ նման կրթություն ստացած անձիք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չեն ունենա՞ այնպիսի  արժանապատիվ աշխատավարձ, որ 20 կամ  15 տարվա ընթացքում մարեն վարկը»,-պատասխանեց Գալյանը։

Նա հավելեց, որ իր համար անհասկանալի են այն հարցադրումները, թե՝ եկել են պաշտոնի, որպեսզի տուն առնեն:

«Կներեք, մարդն աշխատում է, ընդ որում, կատարում է շատ ծանր աշխատանք։ Ես իմ մասին եմ խոսում։ Այո, 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան կարող եմ ունենալ»,-նշեց նախարարը:

  • Կիսվել: