Զատկի տոնի նախօրեին ԱՄԷ-ի շնորհիվ 246 գերի է վերադարձվել Ռուսաստան. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ի ղեկավար Մուհամմեդ Ալ Նահայանի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացում Աբու Դաբիի աջակցությունը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Էմիրությունների ջանքերի շնորհիվ Զատկի նախօրեին (ապրիլի 19-ին) հայրենիք են կարողացել վերադառնալ 246 զինծառայողներ», - նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄԷ նախագահը նաև շնորհավորել է Պուտինին և ռուս ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
ՌԴ և ԱՄԷ ղեկավարները նշել են, որ երկու երկրների միջև հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, ինչը թույլ է տալիս քննարկել ամենազգայուն միջազգային հարցերը:
«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-էմիրաթական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի կապակցությամբ, որոնք կրում են ռազմավարական բնույթ և հաջողությամբ զարգանում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Նման սերտ համագործակցությունը թույլ է տալիս երկխոսություն վարել նույնիսկ խիստ զգայուն միջազգային հարցերի շուրջ», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Երեկ Կրեմլում տեղի է ունեցել Պուտինի և ԱՄԷ փոխվարչապետ, ՆԳ նախարար Սեյֆ բեն Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը: Ավելի վաղ երկրները պայմանավորվել էին ակտիվացնել Ինտերպոլի միջոցով տեղեկատվության փոխանակումը։ Արաբական Միացյալ Էմիրությունները ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր երկու կողմերին աջակցություն է ցուցաբերում հումանիտար հարցերի լուծման գործում: