Վրաստանը հրաժարվել է միանալ Եվրամիության կողմից Իրանի դեմ ընդունված վերջին պատժամիջոցներին
Վրաստանը հրաժարվել է միանալ Եվրամիության կողմից Իրանի դեմ ընդունված վերջին պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ իր միջազգային քաղաքական գործողությունները ղեկավարվում են բացառապես ազգային շահերով։ Իսնա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդում է վրացական «Ինտերպրեսնյուս» (IPN) լրատվական գործակալությունը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի աջակցի որևէ քաղաքականության, որը հակասում է իր սեփական ազգային առաջնահերթություններին։
«Կմիանա՞ Վրաստանը որևէ բանաձևի կամ կձեռնարկի միջազգային քաղաքականության հետ կապված քայլեր, որոշվում է միայն մեկ չափանիշով՝ արդյոք դա համապատասխանում է Վրաստանի շահերին տվյալ պահին, թե ոչ», - ասել է Շարմանաշվիլին։
Նա հավելել է, որ եթե որոշումը հակասում է այդ շահերին, իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե հետագայում ում շահերն է այն ծառայելու։



