Մենք չենք մոռանում մեր իրավունքները, պայքարnւմ ենք մեր վերադարձի իրավունքի համար. Բեգլարյանը՝ կառավարության դիմաց
«COP17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, քանի որ տարածաշրջանում ամենատուժած բնիկ հայ ժողովուրդը Արցախի հայ ժողովուրդն է»,- կառավարության դիմաց COP17-ին ընդառաջ արցախցիների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում Հայաստանում, սակայն Արցախի ժողովրդի հարցերը, իրավունքները լրիվ անտեսվում են, մի բան էլ լեգիտիմացվում են ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունները արցախցիների հանդեպ, բնականաբար, խիստ անընդունելի է։
«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում մեր իրավունքները, պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի, մեր մշակութային ժառանգության պաշտպանության, մեր կենսաբազամազնությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադարիչը հենց բնիկ ժողովուրդն է»,- ասաց Ա.Բեգլարյանը։
Նա նշեց, որ COP17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովրդի և տեղական համայնքների հարցերի բարձրացումն է, իրավունքների պաշտպանությունն է, որի հիմնաքարն արցախցիների պարագայում վերադարձի իրավունքն է։
«Այնինչ, ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալող երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին։
Ոչ միայն մեր կենսաբազամազությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը, մեր կենսաբազմազանությունը, ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը բնական լանդշաֆտի հետ համատեղ։ Իսկ մշակութային լանդշաֆտը ՄԱԿ-ի համապատասխան նորմերով անբաժանելի է բնական լանդշաֆտի հետ։
Միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, ալիևյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է հայատյացության և ցեղասպանական հանցագործությունները և մեր ժողովրդի, և մարդկանության դեմ»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։



