երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

2026 թվականի II քառորդում, նախորդ տարվա համապատասխան քառորդի համեմատ, երկրում գործազրկության մակարդակը նվազել է 0,5 տոկոսային կետով՝ հասնելով 13,8%-ի։ Այնուամենայնիվ, գործազրկության ցուցանիշի նվազումը չի կապվում զբաղվածության աճի հետ, ընդհակառակը` այս ժամանակահատվածում աշխատուժը կրճատվել է, իսկ աշխատուժից դուրս գտնվող բնակչության թիվը զգալիորեն աճել է։ Հետևաբար, այս դեպքում գործազրկության մակարդակի նվազումը չի վկայում աշխատանքային շուկայի բարելավման մասին, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության համաձայն՝ գործազրկության մակարդակը հաշվարկվում է գործազուրկների թվի և աշխատուժի հարաբերակցությամբ։ Աշխատուժն իր հերթին զբաղված և գործազուրկ, բայցև ակտիվորեն աշխատանք փնտրող բնակչության ամբողջությունն է։ Այստեղ հարկ է նշել, որ այն անձը, որ գործազուրկ է, սակայն հարցման պահին նախորդող չորս շաբաթվա ընթացքում ակտիվորեն աշխատանք չի փնտրել, տեղափոխվում է աշխատուժից դուրս և այլևս չի համարվում գործազուրկ։

Հետևաբար, մի շարք դեպքերում գործազրկության մակարդակը կարող է տեխնիկապես նվազել ոչ թե զբաղվածության աճի, այլ աշխատուժի կրճատման հաշվին։ Դրա պատճառով երկրում գործազրկության դինամիկան և աշխատաշուկայում տիրող իրավիճակը ճիշտ գնահատելու համար միայն գործազրկության մակարդակին հետևելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև աշխատուժի և զբաղվածության ցուցանիշների համատեղ վերլուծություն։

2026 թվականի II քառորդում Վրաստանում 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության թիվը կազմել է 2,969.7 հազար, ինչը նախորդ տարվա համապատասխան քառորդի համեմատ ավելի է 26 հազարով կամ 0.9%-ով։ 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության աճը չի արտացոլվել աշխատաշուկայում ակտիվ մարդկանց թվի աճի վրա։ Ընդհակառակը, այս ժամանակահատվածում աշխատուժի ծավալը կրճատվել է։ 2026 թվականի II քառորդում աշխատուժը կազմել է 1,584.3 հազար, ինչը մեկ տարվա ընթացքում 9.6 հազարով կամ 0.6%-ով նվազած ցուցանիշ է։

  • Կիսվել: