Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելու, քան Ռուսաստանը. ԱՄՆ նախագահ
Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնելու արդեն շուրջ չորս տարի շարունակվող պատերազմը։
«Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարքի։ Կարծում եմ՝ Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելու»,-Reuters--ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Նա չի բացառել հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը։
Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ են շփումների Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ:


