Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանին մեղադրել է Արևմտյան Թրակիայում թուրքական փոքրամասնության իրավունքներն անտեսելու մեջ
Թուրքիայի ԱԳՆ-ն չորեքշաբթի քննադատել է Հունաստանի քաղաքականությունը «Արևմտյան Թրակիայում թուրքական փոքրամասնության» նկատմամբ՝ հայտարարելով, որ « Լոզանի պայմանագրով ամրագրված նրանց իրավունքներն անտեսվում են», հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հունաստանը «համառորեն անտեսում է փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները»՝ չճանաչելով նրանց ընտրված մուֆթիներին։
Հայտարարության մեջ միաժամանակ «մտահոգություն» է հայտնվել վերջին իրադարձությունների առնչությամբ՝ շեշտելով, որ Դիդիմոտիկում մուֆթիի նշանակումը կատարվել է «ընտրությունների շղարշի ներքո՝ առանց փոքրամասնության ներկայացուցիչների հետ խորհրդակցելու»։
Գերատեսչությունը պնդում է, որ նմանատիպ գործողություններ ներկայում ձեռնարկվում են նաև Ռոդոպում և Քսանթիում։
«Մենք չենք կարող ընդունել նման գործելակերպը»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել այն փաստին, որ Հունաստանը «չի ճանաչում իր տարածքում գտնվող պաշտոնական փոքրամասնության ընտրված կրոնական առաջնորդներին»։


