Թրամփը մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը
Հանգստյան օրերին լավ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ պատերազմող կողմերի միջև ատելությունը շատ մեծ է: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Կիևը պատրաստ է համաձայնության հասնել, Մոսկվան ևս՝ հաշվի առնելով նավթի գների անկումը:
Թրամփը նաև մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը:
«Կարծես, դա այդքան էլ շատ չէ, բայց չպետք է մոռանալ, թե ինչ վիճակ էր նախկինում: Հուսանք՝ ինչ-որ բան կստացվի»,- նշել է ԱՄՆ նախագահը: Սպիտակ տանն ունեցած ելույթում Թրամփը նաև հայտարարել է, որ շատերը գիտեն, թե ով է պայթեցրել «Հյուսիսային հոսք» գազատարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ չունի տեղի ունեցածի հետ։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում զարգացումներին, որտեղ ռազմական գործողությունների և մատակարարումների անհնարինության հետևանքով հումանիտար ճգնաժամ է ստեղծվել: Հայտնի է սովամահության մի քանի տասնյակ դեպքի մասին:
«Կօգնենք Գազայի ժողովրդին սնունդ ստանալ։ ՀԱՄԱՍ-ը խանգարում է դրան, գողանում է մատակարարվող ամեն բան: ՀԱՄԱՍ-ը շատ վատ է վերաբերվում մարդկանց»,- շեշտել է Թրամփը: