Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում չի բացառել Իրանը ոչնչացնելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանը սպասում է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքներին՝ նախքան Վաշինգտոնի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելը։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Թրամփը, մասնավորապես, ասել է, որ իր առաջ ընտրություն է դրված՝՝ Իրանի հետ գործարք կնքելու և հետագա ռազմական լարվածության սրման միջև։
«Իմ առաջ կարևոր որոշում է կանգնած։ Կկնքվի՞ արդյոք Իրանի հետ այնպիսի գործարք, որը նրան հնարավորություն կտա վերականգնվել և դառնալ երբևէ եղածից շատ ավելի հզոր երկիր, գուցե՝ Մերձավոր Արևելքի կամ նույնիսկ աշխարհի մեծագույն երկրներից մեկը»,-նշել է նա՝ միաժամանակ չբացառելով Իսլամական Հանրապետության ոչնչացման հնարավորությունը, եթե դիվանագիտական համաձայնության հասնել չհաջողվի. «Կամ ես կոչնչացեմ Իսլամական Հանրապետությունը և դա կանեմ արագ՝ երբեք նրանց հնարավորություն չտալով կրկին սպանել և կործանել մարդկանց ու երկրները»։
Թրամփը նաև հարց է բարձրացրել՝ արդյոք պե՞տք է «նրանց դժոխք քշել՝ նրանց գոյատևելու ոչ մի շանս և մեծ ապագայի կամ հաջորդ սերունդների հույս» չթողնելով։
Այնուհետև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սպասում է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։
«Ես հավատում եմ, որ մենք գործարք կկնքենք անմիջապես ընտրություններից հետո, որովհետև նրանց համար այլ կերպ վարվելը իմաստ չունի։ Նրանք սպասում են՝ տեսնելու, թե ես ինչպես հանդես կգամ միջանկյալ ընտրություններում»,- ասել է Թրամփը։
Բացի այդ՝ նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իրանը «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» է անվանել և հայտարարել, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։
«Աշխարհի ընդհանուր դժբախտության համար ուժ հավաքել թույլ տրված վտանգի ավելի լավ օրինակ չկա, քան ահաբեկչության հովանավոր թիվ մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ «իրանական ռեժիմը 51 տարի շարունակ իշխել է արյունահեղության և զանգվածային սպանությունների միջոցով՝ «մահ, ավերածություններ և քաոս» տարածելով Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս. «Նրանք Մերձավոր Արևելքի խուլիգանն էին, բայց այլևս այդպիսին չեն»:
Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական կարիերայի հենց սկզբից հետևել է անփոփոխ դիրքորոշման՝ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա։
Ըստ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո ինքն անմիջապես բանակցություններ է սկսել Թեհրանի հետ և առաջարկել լիարժեք տնտեսական համագործակցություն՝ միջուկային ծրագրից և ահաբեկչության աջակցությունից հրաժարվելու դիմաց։ «Բայց նրանք մերժեցին։ Նրանք կտրականապես մերժեցին։ Դա մեծ սխալ էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է նաև, որ ամերիկյան Midnight Hammer («Կեսգիշերյա մուրճ») գործողության շրջանակում ԱՄՆ զինված ուժերն «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային ծրագիրը՝ հարվածներ հասցնելով դրա օբյեկտներին։ Ըստ նրա՝ դրանից հետո Վաշինգտոնը կրկին առաջարկել է Թեհրանին համաձայնագիր կնքել, սակայն իրանական ղեկավարությունը նորից հրաժարվել է։
ԱՄՆ նախագահն Իրանը մեղադրել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ զինանոցի ստեղծումը շարունակելու մեջ, որը, ըստ նրա, վտանգ էր ներկայացնում ամերիկացի զինծառայողների և տարածաշրջանի այլ երկրների համար։
«Նրանք նաև Եվրոպա հասնելու ունակ հրթիռ էին ստեղծել և շատ էին հպարտանում դրանով»,- հայտարարել է Թրամփը և եվրոպական երկրներին կոչ է արել հաշվի առնել, որ, իր վարկածով, Իրանի հրթիռային ծրագիրը կարող էր օգտագործվել որպես միջուկային զենք ստեղծելու փորձը քողարկող միջոց։
«Եթե նրանց դա հաջողվեր, այս հանցավոր ռեժիմը հնարավորություն կստանար հավերժ ահաբեկչություն և մահ սփռել՝ իմանալով, որ իրեն կանգնեցնելու ցանկացած փորձ կբախվի միջուկային ոչնչացման զինանոցի հետ»,- ասել է Թրամփը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ ամերիկյան քաղաքականության գլխավոր նպատակը մնում է Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալը։



