չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը պատրաստվում է նվիրել, կտրամադրվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։  Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Boeing 747-ը տրվում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերին, ոչ թե ինձ: Դա նվեր է Կատարի՝ մի պետության կողմից, որին մենք հաջող կերպով պաշտպանել ենք շատ տարիներ», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքնաթիռն ԱՄՆ կառավարության կողմից ժամանակավորապես կօգտագործվի որպես նախագահական ինքնաթիռ, «քանի դեռ չեն ժամանել մեր նոր Boeing-ները, որոնց առաքումն ուշանում է»։

Ըստ Թրամփի՝ իմաստ չունի, որ ամերիկացի զինվորականները և հարկատուները միլիոնավոր դոլար ծախսեն ինքնաթիռի վրա, երբ կարող են դա անվճար ստանալ այն երկրից, որը ցանկանում է ԱՄՆ-ին պարգևատրել «լավ կատարած աշխատանքի համար»:

Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը ծրագրում է Boeing 747-8-ը նվեր ստանալ Կատարի թագավորական ընտանիքից՝ որպես նախագահական ինքնաթիռ (Air Force One) օգտագործելու համար։

Դեմոկրատները քննադատել են ինքնաթիռը որպես նվեր ընդունելու մասին լուրերը՝ դա անվանելով «ոչ միայն կաշառք», այլև «արտաքին ազդեցություն»։  

 

  • Կիսվել: