Թրամփին զգուշացրել են, որ Իրանի հետ պատերազմը կարող է ձգձգվել մինչև 2029 թվականը․ WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները չեն բացառում, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ձգվել մինչև նրա պաշտոնավարման ավարտը։ Սեպտեմբերի 9-ին այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ աղբյուրների՝ Օվալաձև աշխատասենյակում և Իրավիճակային կենտրոնում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և վարչակազմի այլ ներկայացուցիչներ ընդգծել են, որ Թեհրանը կարող է շարունակել դիմադրել Վաշինգտոնի ճնշումներին (ներառյալ պատժամիջոցներն ու մյուս սահմանափակումները)։
Պարբերականը նշում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հակամարտությունը կարող է շարունակվել նույնիսկ 2029 թվականի հունվարին կայանալիք ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից հետո։ Այս կանխատեսումները հակասում են արագ հրադադարի հասնելու մասին Թրամփի հրապարակային հայտարարություններին։
«Տարիներ ձգվող հակամարտությունը կարող է սպառել ռազմական ռեսուրսները և ցնցումներ առաջացնել նավթի համաշխարհային շուկայում՝ հենց 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի թեժ պահին», — գրում է թերթը։



