Թեհրանը ձգտում է Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով. Իրանի ԱԳՆ
Իրանը շարունակում է ձգտել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով։ Դրա մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։
«Մեր օմանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից բանակցային կարգավորման հասնելու մեր վճռականության մեջ որևէ փոփոխություն չկա», - գրել է նախարարը X-ում։
Արաղչին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն «ավելի քան երբևէ վճռական է արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերացումը և կստեղծի վստահություն, որ Իրանի միջուկային ծրագիրը հավերժ կմնա խաղաղ՝ Իրանի իրավունքների լիակատար հարգանքով»։
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցություններ են անցկացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին՝ Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին, կրկին Մասկատում։ Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։