Թալիբները փակում են Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակները
Աֆղանստանի Արդարադատության նախարարությունը կարգադրել է փակել Գյուլբուդդին Հեքմաթյարի կողմից հիմնադրված՝ Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակներն ամբողջ երկրում և ձերբակալել նրանց աշխատակիցներին։ Այս մասին հայտնել է կուսակցության գործող առաջնորդ Հաբիբ Ուր-Ռահման Հեքմաթյարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն
Նշվում է, որ Աֆղանստանի Արդարադատության նախարարության հրամանը, մասնավորապես, հրահանգ է պարունակում բոլոր նահանգներում քաղաքական այդ կուսակցության ներկայացուցչությունների աշխատանքն անմիջապես արգելափակելու և գրասենյակային սարքավորումներն ու գույքը բռնագրավելու մասին։
Հաբիբ Ուր-Ռահման Հեքմաթյարը հրապարակել է հրամանը և պատճենը ներկայացրել Աֆղանստանի գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադեյին` իր խոսքերը հաստատելու համար:
Հաղորդվում է նաև, որ Աֆղանստանի իսլամական կուսակցության հիմնադիրը գործող կուսակցապետի հայրն էր՝ Գյուլբուդդին Հեքմաթյարը, ով հայտնի աֆղանական քաղաքական և ռազմական գործիչ է եղել, հակասովետական «Յոթի դաշինքի» առաջնորդներից մեկը, որը բաղկացած էր 1980-ականներին խորհրդային զորքերի դեմ կռվող խմբերից։ 1993-1994 և 1996 թվականներին եղել է Աֆղանստանի վարչապետ։ 2003-ին նա ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկիչ և ընդգրկվել ՄԱԿ-ի սև ցուցակում, սակայն 2017 թվականին համաներում է ստացել։