Սիրիայում քրդական ուժերից մեկը մերժել է PKK առաջնորդի՝ զենքերը վայր դնելու մասին կոչը
Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Օջալանի կոչը Թուրքիայում՝ PKK-ի լուծարման վերաբերյալ, իր ղեկավարած խմբավորմանը չի վերաբերում, տեղեկացնում է Reuters-ը։
Աղբյուրը նշում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ ողջունում է Աբդուլլահ Օջալանի պատմական կոչը PKK-ին՝ դադարեցնելու իր տարիներ շարունակվող զինված պայքարը թուրքական պետության դեմ, ինչն, ըստ նրա, դրական հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։ Նա, սակայն, միևնույն ժամանակ հայտարարել է, որ երկար ժամանակ բանտարկված Օջալանի՝ փետրվարի 27-ի հայտարարությունը վերաբերում էր միայն PKK-ին և «մեզ համար Սիրիայում որևէ առնչություն չուներ»:
«Եթե Թուրքիայում խաղաղություն լինի, դա կնշանակի, որ այստեղ՝ Սիրիայում, մեզ վրա հարձակումները շարունակելու արդարացում չկա»,- նշել է Աբդին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը կազմակերպության անդամներին կոչ է արել վայր դնել զենքը և դադարեցնել Թուրքիայի հետ զինված առճակատումը: