հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սիրիայի կառավարությունն ԻԳԻԼ-ի բանտից ազատել է առնվազն 126 անչափահասի. աղբյուր

Սիրիայի կառավարությունն ԻԳԻԼ-ի բանտից ազատել է առնվազն 126 անչափահասի. աղբյուր

Սիրիայի կառավարությունն ազատել է երկրի հյուսիսում գտնվող բանտում պահվող առնվազն 126 երիտասարդ կալանավորների այն բանից հետո, երբ համաձայնագրի շրջանակում այդ հաստատությունը վերցվել է քրդական ուժերից: Այս մասին հայտնել է Սիրիայի պետական Sana հեռուստաընկերությունը, տեղեկացնում է AFP-ն։

Պետական հեռուստաընկերությունը հայտնել է Ռաքքա նահանգի «Ալ-Աքթան» բանտից մինչև 18 տարեկան 126 կալանավորների ազատման մասին։ Այդ բանտը նախկինում օգտագործվել է ԻԳԻԼ-ի կալանավորներին պահելու համար:

Նշվում է, որ Դամասկոսի ռազմական ճնշման ներքո, որը ձգտում է տարածել իր վերահսկողությունը ողջ երկրի վրա, Սիրիայի ժողովրդավարական ուժերը վերջին օրերին դուրս են մղվել որոշ տարածքներից և նահանջել Հասաքեի նահանգի հյուսիսարևելյան շրջաններ։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի ղեկավար Մազլում Աբդիի հետ կնքված գործարքի մասին, որը ներառում էր հրադադարի հաստատում և քրդերի դե-ֆակտո ինքնավար վարչակազմի ինտեգրում պետությանը, որը ստանձնելու է ԻԳԻԼ-ի գերիների պատասխանատվությունը։

  • Կիսվել: