Սերբիայի նախագահը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պետական RTS հեռուստատեսությամբ հայտնել է, որ համաձայն է իր երկրի կառավարության առաջարկին, այն է՝ լուծարել խորհրդարանը: Նա չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ որոշումը կայացվել է գրեթե երկու տարի շարունակվող ուսանողական բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին: Պատճառը Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունն է, որտեղ 2024 թվականի նոյեմբերին փլուզվել էր երկաթուղային կայարանի բետոնե ծածկը, և միջադեպի հետևանքով զոհվել էր 16 մարդ:
Զայրացած բնակիչները պահանջել էին, որ իշխանությունները հրապարակեն կայարանի վերակառուցման ամբողջական փաստաթղթերը, որոնք ավարտվել էին ողբերգությունից կարճ ժամանակ առաջ: Այնուհետև ցուցարարները պահանջել էին հետաքննություն անցկացնել ոչ միայն պատասխանատուների, այլև համապատասխան նախարարների գործունեության վերաբերյալ: Կարճ ժամանակ անց բողոքի ցույցերը տարածվել էին ամբողջ երկրում։
Ցուցարարներն Ալեքսանդր Վուչիչին, նախարարներին և իշխող կուսակցությանը մեղադրել էին լայնածավալ կոռուպցիայի համար: Նրանց հիմնական պահանջներն էին՝ նախագահի ու կառավարության հրաժարականը, ապա խորհրդարանի արտահերթ ընտրությունը։
Վուչիչը Սերբիայի նախագահն է 2017 թվականից, նրա երկրորդ և վերջին նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին:



